ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը ողջունել է Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի քվեարկությունը, որի արդյունքում ընդունվել է հակաթուրքական օրինագիծ: Փաստաթուղթն ընդունվել է 18 կողմ և 4 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Հայ դատի հանձնախմբի մամուլի ծառայությունը։
ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ տպավորիչ է տեսնել տարբեր կուսակցություններից սենատորների միահամուռ դիրքորոշումը՝ հանուն արդարության:
Օրինագծի համահեղինակներից սենատոր Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ անցած մեկ տարվա ընթացքում Թուրքիայի գործողությունները «չափից ավելի են և անընդունելի»:
Մենենդեսը նշել է, որ խոսքը Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու և ռուսական C-400 համակարգեր գնելու մասին է:
«Թուրքիայի դեմ թիրախային պատժամիջոցները համարժեք պատասխան են այդ երկրի գործողություններին»,- նշել է Մենեդեսը՝ հավելելով, որ օրինագծի համաձայն՝ սահմանափակվում են ամերիկյան արտադրության զենքի վաճառքը և միջազգային ֆինանսական կառույցներից վարկերի տրամադրումը Թուրքիային։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







