Թուրքական զորքերի կողմից գրավված Կիպրոսի հյուսիսային մասի օդանավակայանը կդառնա տեղակայման հիմնական վայրը թուրքական անօդաչուների համար, որոնք զբաղվում են Միջերկրական ծովի արևելյան մասում ածխաջրածինների որոնմամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հայտնի Cyprus Mail թերթը։
Ըստ աղբյուրի՝ խոսքը Ֆամագուստայից հյուսիս — արևմուտք համանուն քաղաքում գտնվող Լեֆկոնիկո օդանավակայանի մասին է։ Սպասվում է, որ անօդաչու սարքերը, ինչպես անզեն, այնպես էլ սպառազինությամբ հանդերձ, արդեն դեկտեմբերի 16-ից կսկսեն այնտեղից դուրս թռչել Կիպրոսի շելֆում՝ գազի հանքավայրի շրջանում, էներգետիկ հումքի որոնման համար:
Այս տեղեկատվությունը հրապարակվել է Թուրքիայի և Հունաստանի միջև հակասությունների աճի ֆոնին՝ Միջերկրական ծովի արևելյան մասում էներգակիրների մշակման շուրջ մրցակցության պատճառով: Երկու երկրների միջև հարաբերությունները սրվել են Թուրքիայի և Լիբիայի միջև ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո:
Նշենք, որ ավելի վաղ հուշագրի ստորագրումը մեկնաբանել էր ԵՄ-ն, մասնավորապես Թուրքիայի վերաբերյալ ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ, որը հրապարակվել է դեկտեմբերի 13-ին։ Հայտարարության մեջ նշվում էր, որ Միջերկրական ծովում ծովային գոտիների սահմանազատման մասին հուշագիրը, որը կնքել են Թուրքիան և Լիբիան, երրորդ երկրների համար իրավական ուժ չունի:
«Թուրքիայի և Լիբիայի միջև ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը խախտում է երրորդ երկրների ինքնիշխան իրավունքները, չի համապատասխանում միջազգային ծովային իրավունքին և չի կարող որևէ իրավաբանական ուժ ունենալ երրորդ պետությունների համար»,- նշվում է հայտարարության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







