Հնդկաստանում քաղաքացիության մասին օրենքի նոր տարբերակի ընդունման դեմ զանգվածային բողոքի ակցիաների մասնակիցներն Արևմտյան Բենգալիայի նահանգում հինգ երկաթուղային կազմ են այրել, ինչպես նաև 15 ավտոբուսներ, որոնցից նախապես իջեցվել են ուղևորները: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ NDTV հեռուստաալիքը հայտնում է, որ հատկապես բարդ իրավիճակ է ստեղծվել Մուրշիդաբադ շրջանում, որտեղ որոշ երկաթուղային կայարաններում ջարդել են տոմսարկղերը, ծեծել աշխատակիցներին:
Ըստ աղբյուրի՝ ցուցարարներն արգելափակում են ավտոճանապարհներն ու երկաթուղիները, քարկոծում տրանսպորտը, ջարդում խանութները։ Արևմտյան Բենգալիա նահանգի իշխանությունները հայտարարել են, որ կոշտ միջոցներ են ձեռնարկելու ջարդարարների դեմ:
Ավելի վաղ հիմնական բողոքի ակցիաները տեղի են ունեցել հարևան Ասամ նահանգում, որտեղ ցույցերի ընթացքում զոհվել են առնվազն երեք ցուցարարներ:
Նշենք, որ օրինագիծը, որն արդեն ստացել է պաշտոնական հավանությունը, նախատեսում է Հարավային Ասիայի մի շարք երկրներից՝ Պակիստանից, Աֆղանստանից և Բանգլադեշից Հնդկաստանի քաղաքացիության պարզեցված տրամադրում ոչ մուսուլմաններին, եթե նրանք բախվում են հայրենիքում ճնշումների: Խոսքը հինդուիզմ, սիկհիզմ, ջայնիզմ, բուդդիզմ և քրիստոնեություն դավանող անձանց մասին է, որոնք ապրում են մահմեդական երկրներում ։ Փոփոխությունները չեն վերաբերում տարածաշրջանի այլ երկրների, օրինակ՝ Նեպալի և Շրի Լանկայի քաղաքացիներին, ինչպես նաև մուսուլմաններին:
Օրենքը առաջացրել է մահմեդականների դժգոհությունը, որոնք ենթադրում են, որ փաստաթուղթը խախտում է Սահմանադրությունը, որը հավասարություն է հռչակում բոլորի համար՝ անկախ կրոնից: Դժգոհ են նաև տեղի մի շարք ազգային խմբերի ներկայացուցիչները, որոնք մտավախություն ունեն, որ այժմ քաղաքացիություն կարող են ստանալ հարևան Բանգլադեշից հարյուր հազարավոր փախստականներ, որոնք ապաստան են գտել այդ տարածաշրջանում, ինչը, նրանց կարծիքով, սպառնում է տեղի բնակիչներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







