Կ․ Պոլսի նորընտիր պատրիարք Սահակ Մաշալյանը քննադատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող ԱՄՆ Սենատի բանաձևը։ Թուրքական «Սաբահ»պարբերականի հետ զրույցում Սահակ Մաշալյանը Սենատի կողմից ընդունված բանաձևը որակել է որպես անբարոյական քայլ, քանի որ այն օգտագործվում է որպես քաղաքական գործիք Թուրքիայի դեմ։
«Տարբեր խորհրդարաններում շարունակ որոշ օրինագծեր են անցնում։ Բայց դրանցում չկա այնպիսի բան, որ կոնկրետ մեզ վերաբերվի և անհրաժեշտ լինի մեր միջամտությունը։ Որպես հայ՝ մենք վշտացած ենք, որ այն տառապանքը, որ տեղի է ունեցել այս հողերում 100 տարի առաջ, օգտագործվում է օտար պետությունների խորհրդարանների կողմից որպես ռազմավարական, տնտեսական, քաղաքական ճնշման գործիք»,- ասել է Պոլսո հայոց պատրիարքը՝ ընդգծելով, որ իրենց նպատակն է՝ նույն հողերում տեղի ունեցածի մասին խոսեն հենց այդ հողերում ապրողները։
Պոլսո Հայոց պատրիարքը հույս է հայտնել, որ Թուրքիայի ժողովուրդը ինքը կկարողանա լուծել այդ հարցը, և հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն։
«Թող կողմերը խոսեն։ Երբ կողմերը չեն խոսում, երրորդ և չորրորդ կողմերն են խոսելու իրավունք ձեռք բերում։ Երանի հայ–թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունները կյանքի կոչվեին։ Չեմ կարծում, որ այնքան էլ բարոյական է Հայկական հարցը Թուրքիայի դեմ որպես քաղաքական գործիք օգտագործելը։ Ես քաղաքական գործիչ չեմ։ Այս ամենը մեկնաբանելը քաղաքագետների հարցն է»,– ասել է Մաշալյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







