Forbes Russia հեղինակավոր ֆինանսատնտեսական ամսագիրը հրապարակել էռուս ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը։
Հայազգի ութ գործարար ընդգրկվել են Forbes-ի վարկածով Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ցանկում։
Հրապարակման համաձայն` վարկանիշային աղյուսակի 29-րդ հորիզոնականը զբաղեցրել է 53-ամյա հայազգի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը։ «Տաշիր» խմբի ակտիվներում ընդգրկված են առևտրային անշարժ գույքի 55 օբյեկտներ, այդ թվում ՝ առևտրի կենտրոններ, գրասենյակներ, հյուրանոցներ:
2018 թվականին խմբի հասույթը կազմել է 172 մլրդ ռուբլի։ Կարապետյանի կարողությունը գնահատվում է 3,7 մլրդ դոլար։
Վարկանշային աղյուսակի 32-րդ տեղը զբաղեցնում է 51-ամյա գործարար, «Տրանսազիա» մանրամեծածախ առևտրային ընկերության հիմնադիր Սերգեյ Գալիցկինը (Սերգեյ Հարությունյան): Գալիցկու կապիտալի ծավալը 3,5 մլրդ դոլար է։
Վարկանիշային աղյուսակում 44-րդ տեղը զբաղեցրել է 45-ամյա Անդրեյ Անդրեևը (Օղաջանյանցը)՝ 2,3 մլրդ դոլար կապիտալով: Նրա կարողության աղբյուրը ՏՏ տեխնոլոգիաներն են։ Անդրեևը Badoo ինտերնետային ծանոթությունների պորտալի հիմնադիրն է։
Վարկանիշային աղյուսակում տեղ են զբաղեցրել նաև Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները` համապատասխանաբար 134-րդ ու 135-րդ տեղերը:
Նշենք, որ Forbes-ի տվյալներով ՝ եղբայրներից յուրաքանչյուրը 800-ական միլիոն դոլար ունի։
50-ամյա Նիկոլայ Սարկիսովը «ՌԵՍՈ Գարանտիայի» փոխնախագահն է, իսկ 59-ամյա Սերգեյ Սարկիսովը ՝ «ՌԵՍՈ» խմբի տնօրենների խորհրդի նախագահը:
50-ամյա հայազգի գործարար, ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ Դավիթ Յանի կապիտալը գնահատվել է 500 մլն դոլար:
Նա եզրափակում է Forbes-ի վարկածով Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցանկը` զբաղեցնելով 200–րդ հորիզոնականը։
Առաջին հորիզոնականում է գործարար Լեոնիդ Վիկտորի Միխելսոնը, ով 2016-2017 թվականներին ևս Forbes-ի վարկանիշի առաջատարն է եղել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







