Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո առաջին նշանակումներն է կատարել։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում անելով AFP-ին:
Ջոնսոնը Ուելսի հարցերով նախարար է նշանակել Սայմոն Հարթին, իսկ թվային տեխնոլոգիաների, մշակույթի, լրատվամիջոցների և սպորտի նախարար է վերանշանակել Նիկի Մորգանը։
Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետը հայտնել է, որ Նիկի Մորգանը տեղ է ստացել Լորդերի պալատում: Այսպիսով, նա կկարողանա պահպանել Մեծ Բրիտանիայի թվային տեխնոլոգիաների, մշակույթի, ԶԼՄ-ների և սպորտի նախարարի պաշտոնը, չնայած այն բանին, որ լքել է Համայնքների պալատը:
Ջոնսոնն առաջիկայում պետք է նշանակի ևս երկու փոխնախարարների, իսկ կառավարության կազմում խոշոր վերադասավորումներ սպասվում են 2020 թ․ փետրվարին, երբ Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ից։
Մեծ Բիրտանիան ԵՄ-ից դուրս է գալու 2020 թվականի հունվարի 31-ին:
Հիշեցնենք, որ Պահպանողական կուսակցությունը հաղթանակ էր տարել արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՝ Համայնքների պալատում ստանալով 650 տեղերից 365-ը։ Լեյբորիստական կուսակցությունը ստացել է 203 տեղ, Շոտլանդիայի ազգային կուսակցությունը ՝ 48, Լիբերալ — դեմոկրատական կուսակցությունը՝ 11, մյուսները՝ 23 տեղ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







