ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Վաշինգտոնում դեկտեմբերի 10-ին հանդիպել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը զուտ արարողակարգային բնույթ չի կրել. Թրամփն ու Լավրովն ունեցել են անմիջական, անկեղծ զրույց։ Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ Առաջին ալիքի եթերում Լավրովի արած հայտարարությանը։
Լավրովը նշել է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններում, համաձայն ավանդույթի, արտգործնախարարը գործընկեր երկրի մայրաքաղաք այցելելիս հանդիպում է ունենում երկրի ղեկավարի հետ: «Դա սկզբունքային պահ է: Այո՛, երբ մենք հանդիպում ենք Եվրոպայում՝ միջազգային միջոցառումների շրջանակներում, բնականաբար, խոսք չի լինում նախագահի հետ ընդունելություն կազմակերպելու մասին: Սակայն երբ մենք այցելում ենք մեկս մյուսի մայրաքաղաքներ, դա ճիշտ է»,- ասել է Լավրովը: ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Թրամփի հետ հանդիպումն ապարդյուն չի անցել:
«Այն եղել է բովանդակալից, մենք քննարկել ենք տասնյակ նշանակալի հարցեր, այդ թվում և երկկողմ հարաբերությունները, ռազմավարական կայունության հարցերը»,- շեշտել է Լավրովը ՌԴ ԱԳ նախարարը միաժամանակ ընդգծել է, որ երկրների միջև պահպանվում են լուրջ տարաձայնություններ որոշ հարցերի շուրջ, այդ թվում՝ իրանական միջուկային ծրագրի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







