ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խորապես մտահոգված է Սիրիայի հյուսիսարևմտյան հատվածում լարվածության սրմամբ և կոչ է անում հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները: Այս մասին հայտնում է ռուսական RT կայք։
«Գլխավոր քարտուղարը բոլոր կողմերին հիշեցնում է քաղաքացիական անձանց պաշտպանության և տեղաշարժի ազատության ապահովման իրենց պարտավորությունների մասին», — ասված է գլխավոր քարտուղարի հաղորդագրության մեջ:
Նրա խոսքով ՝ հաղորդագրություններ են ստացվում բնակիչների վրա հարձակումների մասին, որոնք փորձում են լքել վտանգավոր գոտիները և անվտանգ վայր գտնել: Հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջին ռազմական էսկալացիան հանգեցրել է տասնյակ քաղաքացիական զոհերի, իսկ միայն վերջին շաբաթվա ընթացքում՝ 30 հազար հոգու տեղահանման:
Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հույս էր հայտնել, որ Անվտանգության խորհուրդը Սիրիային հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցը կլուծի մինչև հունվարի 10-ը, երբ սպասվում է ՄԱԿ-ի անդրսահմանային ծրագրի փակումը:
Նշենք, որ դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեմ է քվեարկել Ռուսաստանի առաջարկած ՝ Սիրիային հումանիտար օգնության մասին բանաձևի նախագծին, իսկ Ռուսաստանը վետո է դրել Բելգիայի, Գերմանիայի և Քուվեյթի բանաձևի վրա ՝ Սիրիային անդրսահմանային հումանիտար օգնությունը մեկ տարով երկարաձգելու մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







