ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Չինաստանի հետ առևտրային գործարքի առաջին փուլի մասին համաձայնագիրը կստորագրի հունվարի 15-ին Սպիտակ տանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես Չինաստանի հետ առևտրային գործարքի առաջին փուլի մասին մեր լայն և համապարփակ համաձայնագիրը կստորագրեմ հունվարի 15-ին, արարողությունը տեղի կունենա Սպիտակ տանը։ Ժամանելու են Չինաստանի բարձրաստիճան ներկայացուցիչները», — գրել Է Թրամփը Twitter-ի իր էջում։
«Ավելի ուշ կմեկնեմ Պեկին երկրորդ փուլի շուրջ բանակցությունների»,-ընդգծել է ԱՄՆ նախագահը:
Նկատենք, որ Վաշինգթոնն ու Պեկինը դեկտեմբերի 13-ին համաձայնեցրել են առևտրային գործարքի առաջին փուլը։ Առևտրային բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ Թրամփը համաձայնել է անորոշ ժամանակով հետաձգել չինական ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերի սահմանումը:
Համաձայնագիրն անժամկետ է։ Ինչպես նշել է Լայթհայզերը, չինական արտադրանքի համար նվազեցված ամերիկյան մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն փաստաթղթի ստորագրումից 30 օր հետո:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







