Իրաքում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է դեկտեմբերի 31-ից դիվանագիտական ներկայացուցչության պատերի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիաների պատճառով հյուպատոսական աշխատանքների դադարեցման և միջոցառումների չեղարկման մասին:
«ԱՄՆ դեսպանատան համալիրի վրա հարձակումների պատճառով բոլոր հրապարակային հյուպատոսական գործողությունները դադարեցվել են մինչև հետագա ծանուցումը։ Բոլոր նշանակված հանդիպումները չեղարկվում են», — ասված է դեսպանատան հայտարարության մեջ։
Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունն ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տալիս չմոտենալ դեսպանատան տարածքին և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին հետևել տեղական և միջազգային լրատվամիջոցներում հրապարակվող տեղեկություններին: Նշվում է, որ վիզային և այլ հարցերի համար ԱՄՆ քաղաքացիները կարող են դիմել Էրբիլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսություն։
Հիշեցնենք, որ Բաղդադում ԱՄՆ դեսպանատան առջև զանգվածային ակցիան սկսվել էր դեկտեմբերի 31-ին՝ ի նշան Սիրիայի հետ սահմանակից էլ Կաիմ քաղաքում շիաների «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման ճամբարի վրա ԱՄՆ ՌՕՈՒ-ի հարձակման: Հարձակման հետևանքով զոհվել է 25 մարդ, առնվազն 50 աշխարհազորայիններ վիրավորվել են: ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է, որ Բաղդադում ԱՄՆ դեսպանատան համալիրի վրա հարձակման կազմակերպման հետևում կանգնած են «Իրանի ահաբեկիչները և դաշնակիցները»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







