Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (խորհրդարան) հավանություն է տվել օրինագծին, որը նախատեսում է թուրք զինծառայողներին Լիբիա ուղարկելու հնարավորություն։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Քվեարկությանը մասնակցել է 509 պատգամավոր, որոնցից 325-ը կողմ են արտահայտվել օրինագծին, 184-ը՝ դեմ»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման արդյունքներ է հայտարարել խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենտոպը:
Համապատասխան օրինագիծը խորհրդարան է ներկայացվել դեկտեմբերի 30-ին «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից, որի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է:
Ինչպես ավելի վաղ պարզաբանել է Sozcu թերթը, այդ օրինագծի շրջանակներում առաջին փուլում կարող է խոսք լինել Լիբիա ռազմական մասնագետներ ուղարկելու մասին՝ Ազգային համաձայնության կառավարության մարտիկներին ուսուցանելու նպատակով: Պարբերականի պնդմամբ, Անկարան կարող է դիտարկել նաև թուրքական կոնստրուկտորների կողմից մշակված «Հիսար» և «Քորքութ» ՀՕՊ համակարգերի մատակարարման հնարավորությունը:
Էրդողանը բազմիցս հայտարարել է Լիբիա զինվորականներ ուղարկելու պատրաստակամության մասին, եթե Տրիպոլիում ազգային համաձայնության կառավարությունը նրանից օգնություն խնդրի։ Նոյեմբերի 28-ին Անկարան և Տրիպոլին համագործակցության հուշագիր են կնքել, այդ թվում՝ ռազմական։
Ներկայումս Լիբիայում զուգահեռաբար գոյություն ունեն գործադիր իշխանության երկու մարմիններ՝ Ֆաիզ Սարաջի միջազգայնորեն ճանաչված ԱՀԿ-ն և Աբդալլահ Աբդուրահման աթ-Թանիի ժամանակավոր կաբինետը, որը երկրի արևելքում գործում է խորհրդարանի հետ համատեղ ևբաջակցում է Լիբիայի ազգային բանակին ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







