Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին եռօրյա համազգային սուգ Է հայտարարել Իրաքում իրանցի գեներալ Քասըմ Սուլեյմանիի սպանությունից հետո: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է իրանական Press TV հեռուստաալիքը։
«Իրանի առաջնորդը դատապարտել է գեներալ Սուլեյմանիի սպանությունը և եռօրյա համազգային սուգ հայտարարել։ Ավելին, նա խոստացել է վրեժխնդիր լինել նրանցից, ովքեր կանգնած են Սուլեյմանիի սպանության հետևում», — ասված է հեռուստաալիքի Twitter-ի էջում զետեղված հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Պենտագոնը հաստատել էր, որ ուրբաթ Բաղդադի օդանավակայանի շրջանում հրթիռային հարված է հասցրել, որի արդյունքում սպանվել Է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Քասըմ Սուլեյմանին: Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը նաև տեղեկացրել է, որ գործողությունն իրականացվել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ:
«Ալ Քուդս» գումարտակը ԻՀՊԿ-ի ամենամարտունակ մասերից մեկն է, որն ակտիվորեն մասնակցում է Սիրիայում և Իրաքում ընթացող ռազմական հակամարտություններին: Համարվում է, որ հատուկ ստորաբաժանման արդյունավետությունը մեծապես որոշվել է նրա հրամանատարի ունակություններով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







