Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել է ամերիկացի զինվորականների վրա խոշոր հարձակումների նախապատրաստման ժամանակ, որոնց հետ միասին կարող էին զոհվել Իրաքի, Լիբանանի և Սիրիայի բնակիչները: Նման պնդմամբ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հանդես է եկել պետքարտուղար Մայքլ Պոմպեոն։
Նա հավաստիացրել է, որ Իրաքում ԱՄՆ-ի ռազմական գործողությունն օգնել է «նրան բռնել և կանգնեցնել»:
«Նա շրջում էր տարածաշրջանում, երբ վայրէջք կատարեց Բաղդադում։ Տարածաշրջանում նրա բոլոր նախորդ կանգառներն ուղղված էին բացառապես այն բանի նախապատրաստմանը, ինչը նրանք անվանում էին խոշոր հարձակում։ Նրանք նպատակ ունեին վերացնել բազմաթիվ ամերիկացիների, ինչը, անկասկած, կհանգեցներ իրաքցիների, լիբանանցիների և, թերևս, սիրիացիների մահվանը», — ասել է Պոմպեոն։
Պետքարտուղարը կշտամբել է այն քաղաքական գործիչների «կանխամտածված կուրությունը», որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրում են Մերձավոր Արևելքում ընդհանուր առմամբ և մասնավորապես Իրանի նկատմամբ գործողությունների հետևողական ռազմավարության բացակայության մեջ:
«Նախագահ Թրամփն այդ ռազմավարության հիմքը դրել է գրեթե երեք տարի առաջ։ Եվ մենք հետևողականորեն իրականացնում ենք այդ ռազմավարությունը։ Նրա առանցքային մասը հանդիսանում է կոալիցիայի ձևավորում Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Պարսից ծոցի բոլոր գործընկերների, Իսրայելի, բոլոր նրանց հետ, ովքեր համագործակցում են (Վաշինգտոնի հետ) և Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանի համար սպառնալիք համարում» — եզրափակել է Պոմպեոն:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին ուրբաթ ամերիկյան CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վիճարկել է ԱՄՆ պետքարտուղարի այն հայտարարությունների հիմնավորվածությունը, թե գեներալ Սոլեյմանին զբաղվել է ամերիկացի քաղաքացիների վրա հարձակումների նախապատրաստմամբ: Իրանցի դիվանագետը պահանջել է ապացույցներ ներկայացնել և վստահություն հայտնել, որ այդպիսիք չեն գտնվի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







