Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ Իրանն արձակել է ավելի քան 15 բալիստիկ հիթիռ։ Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով Պենտագոնի հայտարարությանը։
Իրանի կողմից արձակված 10 հրթիռ ընկել է Այն-ալ-Ասադ ավիաբազայի տարածքում, 1 հրթիռ ընկել է Էրբիլում գտնվող ռազմաբազայի տարածքում, ևս 4-ը դուրս են եկել շարքից։ Հարձակումներն իրականացվել են երկու ալիքներով՝ յուրաքանչյուրը մոտ մեկ ժամ ընդմիջումով։
Իրաքում տեղակայված երկու ամերիկյան ավիաբազաներում տեղակայված են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ուժերը։
Իրաքում ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով 80 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրանական հեռուստատեսության հայտարարությանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն արտակարգ հանդիպում է անցկացրել պաշտպանության նախարար Մարկ Էսպերի, պետքարտուղար Մայք Պոմպեոյի և փոխնախագահ Մայք Փենսի հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրառում է կատարել՝ նշելով, որ հարվածներն իրականացվել են Իրանի տարածքից։
«Մենք ունենք ամենազինված և մարտունակ բանակը աշխարհի ցանկացած ծայրում»,- գրել է Թրամփը՝ նշելով, որ հանդես կգա հայտարարությամբ։
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն էլ հայտարարել է, որ Իրաքում գտնվող բազաներին հասցված հարվածը ինքնապաշտպանության միջոց էր։ Այս մասին Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը գրառում է կատարել իր Թվիթերյան էջում՝ միաժամանակ ընդգծելով, որ Իրանը չի ձգտում էսկալացիայի կամ պատերազմի։
«Իրանն ինքնապաշտպանության համաչափ միջոցներ է ձեռնարկել, և ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն՝ հարվածներ հասցրել այն ռազմակայանին, որով ամերիկացիները զինված հարձակում են իրականացվել մեր քաղաքացիների և բարձրաստիճան պաշտոնյաների դեմ»,- գրել է Զարիֆը:
Հիշեցնենք, որ անցնող գիշեր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար ամերիկացիներից վրեժ լուծելու գործողության մեկնարկի մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







