Մեծ Բրիտանիայի Վարչապետ Բորիս Ջոնսոնը նամակ է ուղարկել Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլ Ստերժենին, որում դեմ է արտահայտվել Շոտլանդիային անկախության վերաբերյալ նոր հանրաքվե անցկացնելու իրավունք տրամադրելու պահանջին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին գրառում է արել Ջոնսոնը Թվիթերյան իր էջում:
«Դուք և Ձեր նախորդը անձնական խոստում եք տվել, որ 2014թ. հանրաքվեն կլինի միակը: Շոտլանդիայի ժողովուրդը վստահորեն քվեարկել է Միացյալ Թագավորության միասնության պահպանման համար, և Մեծ Բրիտանիայի և Շոտլանդիայի կառավարությունները պարտավորվել են հարգել այդ հանրաքվեի արդյունքները»,-նշված է գրառման մեջ:
Նաև նշվում է, որ նման հարցի շուրջ քվեարկությունը միայն կխորացնի Շոտլանդիայի քաղաքական լճացումը, որը շարունակվում է արդեն մի տասնամյակ` Մեծ Բրիտանիայի կազմից Շոտլանդիայի անկախանալու արշավի հետևանքով:
Ավելի վաղ` 2019թ. դեկտեմբերին, Ստերժենը պաշտոնապես դիմել էր Լոնդոնին` Էդինբուրգին հանրաքվեի իրավունք տրամադրելու խնդրանքով: Նման դիմումի համար հիմք են ծառայել շրջանի խորհրդարանական ընտրությունները, որում Շոտլանդական ազգային կուսակցությունը նվաճել է 59 հնարավոր տեղերից 48-ը:
Շոտլանդիայում հանրաքվեն անցկացվել է 2014թ., որում բնակչության 55%-ը կողմ է արտահայտվել Լոնդոնի հետ միության համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







