Լիբիան ռազմական գործողությունների կայուն դադարեցման և խաղաղ գործընթացի վերսկսման կարիք ունի։ Այսուհետ զենքի էմբարգոյի խախտումներ չպետք է լինեն։ Այս մասին Twitter-ում գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոն:
«Ես Բեռլինի ճանապարհին եմ, որպեսզի միանամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Լիբիայի հարցով գագաթնաժողովում։ Լիբիան աջակցության կարիք ունի, որպեսզի հասնի մարտերի երկարաժամկետ դադարեցմանը և խաղաղ գործընթացի վերսկսմանը», — ասված է մեկնաբանության մեջ:
Նրա խոսքով՝ Լիբիային զենքի մատակարարման էմբարգոյի ավելի շատ խախտում պետք չէ, բացի այդ, երկիրը չպետք է միջնորդավորված պատերազմի վայր դառնա։
Նշենք, որ Լիբիայի հարցով խորհրդաժողովը տեղի կունենա կիրակի օրը Բեռլինում, որին հրավիրված են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Եգիպտոսի, ԵՄ-ի, ՄԱԿ-ի և այլ երկրների ներկայացուցիչներ: Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը և Լիբիայի ազգային բանակի մարշալՄարշալ Խալիֆա Հաֆթարը հայտարարել են, որ կմասնակցեն Բեռլինի խորհրդաժողովին:
Բացի Դիկարլոյից, ՄԱԿ-ը ներկայացնելու են կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և Լիբիայի հարցով նրա հատուկ դեսպանորդ Հասան Սալամեն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







