Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆաիզ Սարաջը Բեռլինում հրաժարվել է որևէ հանդիպումից և համատեղ բանակցություններից Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարի հետ: Այս մասին հայտնել է Լիբիայի Al Ahrar հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, Բեռլինում լիբիական հակամարտության կարգավորմանը նվիրված Բեռլինյան խորհրդաժողովի ձևաչափը, որն ընթանում էր մի շարք երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, ի սկզբանե չէր նախատեսում լիբիական հակամարտության հիմնական կողմերի մասնակցությունը:
Նշվում է, որ Բեռլինյան հանդիպման կուլիսներում Սարաջը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, իսկ Հաֆթարը ՝ Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Al Ahrar-ի փոխանցմամբ՝ Սարաջը նախազգուշացրել է, որ մարտական գործողությունների դադարեցման համաձայնագրի հաջողությունն ուղղակիորեն կախված կլինի «ագրեսոր ուժերի» դուրսբերումից (խոսքը Հաֆթարի ուժերի մասին է): Սարաջը միաժամանակ պահանջել է հրադադարի ռեժիմի վերահսկողության հստակ մեխանիզմների ներդնում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







