ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացրել է նոր կառավարության կազմը: Պաշտոնները պահպանել են փոխվարչապետներ Յուրի Տրուտնևը, Տատյանա Գոլիկովան, Յուրի Բորիսովը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը, տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը, բնական պաշարների և բնապահպանության նախարար Դմիտրի Կոբիլկինը, շինարարության և բնակկոմունալ տնտեսության նախարար Վլադիմիր Յակուշևը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշևը:
Առաջին փոխվարչապետ է նշանակվել Անդրեյ Բելոուսովը, փոխվարչապետներ՝ Վիկտորյա Աբրամչենկոն, Դմիտրի Գրիգորենկոն, Ալեքսեյ Օվերչուկը, Մարատ Հուսնուլինը ևԴմիտրի Չերնիշենկոն:
Տնտեսական զարգացման նախարար է նշանակվել Մաքսիմ Ռեշետնիկովը, արդարադատության նախարար՝ Կոնստանտին Չույչենկոն, թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարար՝ Մաքսուտ Շադաևը, առողջապահության նախարար՝ Միխայիլ Մուրաշկոն, գիտության և բարձրագույն կրթության նախարար՝ Վալերի Ֆալկովը, կրթության նախարար՝ Սերգեյ Կրավցովը, արտակարգ իրավիճակների նախարար՝ Եվգենի Զինչևը, Հեռավոր Արևելքի և Արկտիկայի զարգացման նախարար՝ Ալեքսանդր Կոզլովը, աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար՝ Անտոն Կոտյակովը, սպորտի նախարար՝ Օլեգ Մատիցինը, մշակույթի նախարար՝ Օլգա Լյուբիմովան:
Նախագահ Վլադիմիր Պուտինը վերակազմավորել է բարձրագույն գործադիր իշխանության կառուցվածքը։ Տնտեսական զարգացման նախարարությունը լրացուցիչ լիազորություններ կստանա, որոնք պատկանում են Հյուսիսային Կովկասի հարցերով նախարարությանը։
Հիշեցնենք` հունվարի 15-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Վլադիմիր Պուտինի` Դաշնային ժողովին հղած ուղերձից հետո հայտարարել էր, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս:
Նույն օրը Պուտինը ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել էր Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Իսկ արդեն հունվարի 16-ին Պետական դուման 383 կողմ ու ոչ մի դեմ ձայներով հաստատեց Միխայիլ Միշուստինի թեկնածությունը ՌԴ վարչապետի պաշտոնում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







