«Լիբերալների և դեմոկրատների դաշինք հանուն Եվրոպայի» քաղաքական խմբի ներկայացուցիչ բելգիացի սենատոր Հենդրիկ Դամսն ընտրվել է Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահի պաշտոնում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Բելգիական պատվիրակությունը գլխավորող քաղաքական գործիչն այդ պաշտոնի միակ թեկնածուն էր։
Դամսը նշել է, որ իդեալական Եվրոպա գոյություն չունի, բայց մեր խնդիրն է այն դարձնել հնարավորինս լավ իրենց քաղաքացիների և Եվրոպայի խորհրդում ներկայացված բոլոր 47 երկրների համար։ Դամսն ընդգծել է, որ իր աշխատանքն առաջին հերթին ուղղված է լինելու կոնկրետ արդյունքների ձեռքբերմանը, և դրա համար պլանավորում է այցելել ԵԽ անդամ բոլոր երկրներ:
Նորընտիր նախագահը հույս է հայտնել, որ ԵԽԽՎ-ն, ինչպես նաև ԵԽ Նախարարների կոմիտեին և այդ կազմակերպության գլխավոր քարտուղարին կհաջողվի ներդաշնակության հասնել առաջիկա աշխատանքում, այդ թվում՝ ԵԽ կանոնադրության դրույթների կատարման հարկադրանքի եռակողմ մեխանիզմի վերաբերյալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







