Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղից սկսվել է կորոնավիրուսի տարածումը, այժմ 6 հայ կա. որոնցից երեքն ուսանող են, իսկ մյուս երեքը` պայմանագրով աշխատողներ։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» վարակիչ հիվանդությունների և համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը։
Թորոսյանը նշեց, որ այժմ ՀՀ ԱԳՆ-ի հետ սերտորեն համագործակցում են և հավաքագրում Չինաստանում գտնվող հայերի մասին տեղեկատվությունը։
«Ուհանում գտնվող հայերին հորդորել ենք, որ մշտական կապ պահպանեն ԱԳՆ–ի հետ, դիմեն բուժաշխատողների, եթե հիվանդացության որոշակի նախանշաններ կլինեն»,–ասաց Լիանա Թորոսյանը՝ հավելելով, որ այս պահին տեղի հայերը առողջական որևէ խնդիր չունեն, քանի որ տնից դուրս չեն գալիս և հետևում են իրենց սննդակարգին` ծովամթերք կամ կենդանական ծագման մթերք չեն ուտում։
Խոսելով վիրուսի փոխանցման ձևերի մասին՝ Թորոսյանը նշեց, որ կորոնավիրուսի` հիվանդ մարդուց առողջ մարդուն փոխանցվելու դեպքեր արդեն իսկ գրանցվել են, վարակի փոխանցման դեպք կա նաև բուժաշխատողների շրջանում, իսկ վարակից մահանալու դեպքերը հիմնականում գրանցվում են այն մարդկանց մոտ, որոնք ունեն համակցված հիվանդություններ:
Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն էլ նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է` կորոնավիրուսի տարածման առումով աշխարհում արտակարգ վիճակ չէ, այդ առումով արտակարգ իրավիճակ միայն Չինաստանում է:
«Վարակի տարածման կանխարգելման համար այժմ քննարկումներ են ընթանում ԱՊՀ երկրների հետ: Իսկ լուրերը, թե Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպք է հայտնաբերվել, չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց փոխնախարարը։
Հիշեցնենք, որ Չինաստանում կորոնավիրուսով արդեն իսկ վարակվել է 5997 մարդ, գրանցվել է մահվան 132 դեպք:
Հիվանդության հիմնական ախտանիշներն են ջերմությունը, հոգնածությունը, խորխով հազը։ Հիվանդությունը սկսվում է որպես սովորական շնչառական վարակ, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց շատ արագ ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







