Թուրքիայում իշխանությունների քննադատությամբ հայտնի հայ իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ ոստիկաններն իրեն բերման են ենթարկել:
Ավազյանը նաև ասել է, որ ոստիկանները ներխուժել են իր եղբոր բնակարան և այնտեղ իրեն փնտրել:
Իրավապաշտպանը նշել է, որ վերջին երկու օրը ճնշման խնդիր ունի, ճնշումը բարձրացել է, և եթե իր առողջականի հետ կապված խնդիրներ ծագեն (օրինակ` մահ, քթից արյունահոսություն), ապա դրանց պատասխանատուն կլինի Թուրքիայի գործող կառավարությունը:
Իրավապաշտպանին բերման ենթարկելու հավանական պատճառն ըստ ermenihaber.am-ի կարող է լինել այն, որ նա գրել է․ «Մայրս Ադանայից է, հայրս` Մալաթիայից»։
Հիշեցնենք, որ սա Ավազյանի բերման ենթարկման առաջին դեպքը չի: 2019-ի հոկտեմբերին Ավազյանը կալանավորվել էր իր տանը կատարված խուզարկությունից հետո։ Նրան կանչել էին հարցաքննության, որպեսզի ցուցմունք տար «ահաբեկիչների» հետ իր ենթադրյալ կապի մասին։
Իրավապաշտպանը 2019թ. հոկտեմբերին Twitter-ում գրառում էր կատարել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի մասին։ Նա տեղադրել էր արտգործնախարարի ընտանիքի 1998թ․ լուսանկարը և գրել․ «Նրանք Անթալիայի հարավային շրջանում հայտնի են եղել որպես «քրդական գողեր»»։ Գրառումից հետո նրան ձերբակալել էին։
Նշենք, որ Արլեթ Նաթալի Ավազյանին Twitter-ում հետևում է 150.000 օգտատեր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







