Ամերիկացի զինվորականները վախենում են Աֆղանստանում «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման դիրքերի վերականգնումից: Այս մասին հինգշաբթի հայտնել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության աղբյուրները։
CNN-ը նշում է, որ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերումը վակուում կստեղծի, որը, հավանաբար, «Ալ Քաիդային» և այլ ահաբեկչական խմբավորումներին վերակազմավորման հնարավորություն կտա: Ներկայում, ամերիկյան ռազմական ղեկավարության գնահատականներով, «Ալ Քաիդայի» զինյալների թվաքանակը երկրում չի գերազանցում 200-300-ը: «Առայժմ դա այնքան էլ շատ չէ, որպեսզի խոսեն նրանց մարտունակության մասին», Պենտագոնի աղբյուրի խոսքը մեջբերում է հեռուստաընկերությունը:
CNN-ի տվյալներով՝ ամերիկացի զինվորականները մտավախություն ունեն, որ Աֆղանստանում «Թալիբան» արմատական շարժման դիրքերի ամրապնդումը կբարդացնի նրանց համար հետախուզական տվյալներ հավաքելու խնդիրը: Իր հերթին երկրում զորքերի բացակայությունը կնվազեցնի հնարավոր սպառնալիքների բացահայտման հնարավորությունները։ Ընդ որում, հեռուստաընկերությունն ընդգծում է, որ ԱՄՆ-ն ամեն դեպքում իրեն իրավունք է վերապահում հարվածներ հասցնել Աֆղանստանում «Ալ Քաիդայի» դիրքերին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







