Գիտնականների գնահատումների համաձայն՝ առաջիկա 10 տարում աշխարհում 4,7 մլն-ով պակաս աղջիկներ կծնվեն այն երկրներում, որտեղ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատում (աբորտ) են իրականացնում։ Այդ միտումը կարող է երկարաժամկետ հեռանկարում խաթարել հասարակության սեռական հավասարությունը: Այս մասին հայտնում է France 24-ը։
Նման աբորտները 40 տարվա ընթացքում լայնորեն տարածված են դարձել Հարավարևելյան Եվրոպայի, Հարավային և Արևելյան Ասիայի, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի երկրներում: ՄԱԿ-ը սեռով պայմանավորված աբորտները համարում է վնասակար պրակտիկա:
Հասարակության վրա սեռի ընտրության կարճաժամկետ և երկարաժամկետ ազդեցությունը մոդելավորելու համար հետազոտողների միջազգային խումբը վերլուծել է վերջին 50 տարիների ընթացքում ավելի քան երեք միլիարդ ծնունդների տվյալները:
Հետազոտության հեղինակները կարծում են, որ ժառանգականության շեղումը դեպի տղամարդիկ՝ կարող է հանգեցնել «ամուսնական ճգնաժամի»: Գիտնականները նաև հայտարարել են, որ աղջիկների դեֆիցիտը կարող է բացասաբար ազդել հասարակության բարեկեցության վրա. «Հասարակության մեջ կանանց թվաքանակի կրճատումը կարող է հանգեցնել հակասոցիալական վարքի և բռնության մակարդակի բարձրացմանը, ինչը կարող է ի վերջո ազդել երկարաժամկետ կայունության և կայուն սոցիալական զարգացման վրա»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







