ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դևիդ Հեյլը միջնորդական առաքելություն կձեռնարկի Լիբանանի և Իսրայելի միջև սահմանային տարաձայնությունները հարթելու ուղղությամբ: Ինչպես հայտնել է The Daily Star թերթը, ամերիկյան միջնորդը ուրբաթ օրը Բեյրութում կքննարկի երկու երկրների միջև ծովային սահմանի սահմանազատման վերաբերյալ համաձայնագրի նախագիծը: Հինգշաբթի Բեյրութ ժամանած Հեյլը, որն ավելի վաղ զբաղեցնում էր Լիբանանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը և լավ ծանոթ է տեղի քաղաքական գործիչներին, բանակցություններ կվարի հանրապետության նախագահ Միշել Աունի և խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրրիի հետ: Այցի ծրագրում հանդիպումներ են տեղի ունենում լիբանանյան առաջատար կուսակցությունների առաջնորդների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Լիբանանը մերժում է իսրայելական պահանջները Միջերկրական ծովում գտնվող 9 օֆշորային բլոկի վերաբերյալ, որտեղ, ենթադրաբար, ածխաջրածինների խոշոր պաշարներ կան: Խոսքը 856 քառ. կմ հատվածի մասին է, յուրաքանչյուր կողմ այն համարում է իր բացառիկ տնտեսական գոտու մասը։ Բեյրութը նաև նկատողություններ է հայտնում 13 կետերում ցամաքային սահմանագծի անցնելու վերաբերյալ, այդ թվում՝ Նակուրա նավահանգստում և Էդեյսում, որտեղ իսրայելցիները պատ են կառուցել: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել է Ջումեյզի թաղամաս, որն առավել տուժել է օգոստոսի 4-ին Բեյրութի ծովային նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Նա հայտարարել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) «շուտով կմիանա լիբանանյան և միջազգային փորձագետներին՝ տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով»: Ըստ Հեյլի՝ Միացյալ Նահանգները «հավատարիմ կմնա իր պարտավորություններին և լիբանանցիներին կօգնի ապաքինվել ողբերգությունից և կարգավորել կյանքը»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







