Նոր կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով առաջացած հիվանդության համաճարակը Միացյալ Նահանգներում նահանջում է: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք սկսում ենք տեսնել զգալի առաջընթացի վկայություններ։ Ամբողջ երկրում թեստերի դրական արդյունքների թիվը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է գրեթե 6 տոկոսով, իսկ դրական արդյունքների մասնաբաժինը նույնպես նվազել է 8,7 տոկոսից մինչև 8 տոկոս նույն ժամանակահատվածում: Դա հուսադրող, շատ հուսադրող նշան է, որ վիրուսը նահանջում է», — ասել է ԱՄՆ նախագահը։
ԱՄՆ իշխանությունները հույս ունեն, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է հասանելի լինել տարեվերջից զգալիորեն շուտ, հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը: «Մենք պահպանում ենք արագության և անվտանգության միջև հավասարակշռությունը և շարժվում ենք դեպի այն, որ պատվաստանյութը հասանելի կլինի այս տարի, հավանաբար, տարեվերջից շատ ավելի շուտ», — ասել Է Թրամփը:
Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումը գրանցվել է 2019 թվականի վերջին Կենտրոնական Չինաստանում և տարածվել է երկրների մեծ մասում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել է որպես համաճարակ ։ Ըստ Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալների, որը հաշվարկներ է անցկացնում դաշնային և տեղական իշխանությունների տեղեկատվության հիման վրա, ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման ավելի քան 4,71 մլն դեպք է գրանցվել, մահացել է 155 331 մարդ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







