Իտալական Valentino նորաձևության տունն աշուն-ձմեռ 2026-2027 հավաքածուի գովազդային արշավում օգտագործել է հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտից «Վալս» ստեղծագործությունը, նշվում է նորաձևության տան Facebook-ի պաշտոնական էջում։
Valentino-ի «Interferenze» Fall/Winter 2026-2027 արշավի նկարահանումներն անցկացվել են Հռոմի Centrale Montemartini թանգարանում, որտեղ Valentino-ի կրեատիվ տնօրեն Ալեսանդրո Միկելեի մտահղացմամբ պատմությունը երկխոսության մեջ է մտնում արդյունաբերական արդիականության հետ։
Լուսանկարների հեղինակն ու տեսանյութի ռեժիսորը Գլեն Լաչֆորդն է, արտ-տնօրենները՝ Էզրա Պետրոնիոն և Լանա Պետրուսևիչը։ Արշավին մասնակցել են մոդելներ Ապոլինը, Ջորջ Անդերսոնը, Ցյուի Լին, Ջո Բոթոմերը և Դարիո Տոնինը։
Արշավի երաժշտական ուղեկցությունն Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտից «Վալս» ստեղծագործությունն է։
Խաչատրյանը «Դիմակահանդես» դրամայի համար երաժշտությունը գրել է 1941 թվականին՝ Միխայիլ Լերմոնտովի համանուն ստեղծագործության հիման վրա։ Հետագայում երաժշտության հիման վրա ստեղծվել է հինգ մասից բաղկացած նվագախմբային սյուիտը՝ «Վալս», «Նոկտյուրն», «Մազուրկա», «Ռոմանս» և «Գալոպ»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







