Բարսելոնայի մետրոպոլիտենում բռնկված հրդեհը հանգեցրել է քաղաքացիների տարհանման, երկաթգծի կենտրոնական հատվածում երթևեկության դադարեցման և քաղաքային տրանսպորտի աշխատանքի խափանման, ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ հայտնել են իսպանական լրատվամիջոցները։
Շտապօգնությունը ծառայություն է մատուցել 137 ուղևորի, որոնցից 131-ն ստացել է թեթև վնասվածքներ, ևս 6-ը գտնվում է միջին ծանրության վիճակում։ 39 տուժած տեղափոխվել է հիվանդանոցներ և անհետաձգելի օգնության կետեր, հայտնել են լրատվամիջոցները։
Ըստ պաշտոնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է մետրոյի թունելում։ «Կլոտ» կայարանում, որտեղ գտնվում է նաև Rodalies արվարձանային գնացքների հանգույցը, տարհանել են գնացքի կազմը։ Ուղևորները պատմել են, որ թունելում տիրող թանձր ծխի պատճառով գրեթե ոչինչ չէր երևում. գնացքի կանգնելուց հետո մարդիկ ինքնուրույն բացել են վթարային դռները, դուրս եկել գծերի վրա և անցել մոտ 200 մետր մինչև կառամատույց։
Հրդեհն արդեն մարվել է։ Ըստ նախնական վարկածի՝ բռնկման պատճառ կարող էր դառնալ թունելի երեսպատման հատվածի անկումը, որն այնուհետև հրդեհվել է։
Transports Metropolitans de Barcelona (TMB) տրանսպորտային ընկերության գլխավոր տնօրեն Խավիեր Ֆլորեսը հայտարարել է, որ երթևեկությունը կարող է վերականգնվել արդեն հուլիսի 28-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



