ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Էդվարդս ռազմաօդային բազայում B-52 ռմբակոծիչի կործանման հետևանքով անձնակազմի 8 անդամ է զոհվել, հայտնում է CNN-ը՝ հղում անելով բազայի հաղորդագրությանը։
Ըստ հեռուստաալիքի՝ ռմբակոծիչը կործանվել է հունիսի 15-ի առավոտյան՝ Լոս Անջելեսից հյուսիս-արևելք գտնվող բազայից թռիչքից կարճ ժամանակ անց։
CNN-ի փոխանցմամբ՝ զոհվածների թվում զինվորականներ, քաղաքացիական ծառայողներ և պետական կապալառուներ են։ Թռիչքին նաև մասնակցել են Boeing ընկերության երկու աշխատակից։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) պաշտոնյաների տվյալներով՝ B-52-ը փորձարկում էր իրականացնում ռադարների արդիականացման ծրագրի շրջանակում։ Վթարի պատճառների վերաբերյալ հետաքննություն կսկսվի, մանրամասները հանրությանը հասանելի կլինեն մոտ 6 ամսից։
CNN-ը նշում է, որ սա B-52 ռմբակոծիչի մասնակցությամբ ամենամահաբեր վթարն էր 1982 թվականից ի վեր, երբ Սակրամենտոյի մոտ գտնվող Մաթեր ռազմաօդային բազայում փորձնական վարժանքի ժամանակ 9-ը մարդ էր զոհվել։
B-52 Stratofortress-ը ԱՄՆ ՌՕՈւ-ի ամենահին օդանավերից է։ Այն շահագործման էր հանձնվել 1955 թվականին և չի արտադրվում 1962 թվականից, սակայն արդիականացման մի շարք ծրագրերի շնորհիվ շարունակում է շահագործվել։






































