Ֆրանսիան չի քննարկում իր ռազմանավերը Հորմուզի նեղուց տեղակայելու հարցը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հայտնել է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Le Figaro թերթին։
Ըստ Մակրոնի՝ Փարիզի մասնակցության մասին խոսք կարող է գնալ միայն Հորմուզի նեղուցում անվտանգությունն ապահովելու նպատակով իրանական կողմի հետ համաձայնեցված առաքելության դեպքում՝ առանց այնտեղ անմիջապես ուժեր տեղակայելու։
Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել էր, որ իրանական զինված ուժերը վճռականորեն կպատասխանեն, եթե ֆրանսիական և բրիտանական ռազմածովային նավերը մտնեն Հորմուզի նեղուց։
Դիվանագետի խոսքով՝ այս երկրներին «խորհուրդ է տրվում չբարդացնել իրավիճակը»։ Ղարիբաբադին մեկնաբանել էր ֆրանսիական և բրիտանական նավերի Մերձավոր Արևելք ուղարկումը և Փարիզի ու Լոնդոնի հայտարարությունները՝ ԱՄՆ-Իրան հակամարտության ավարտից հետո Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովմանը մասնակցելու իրենց պատրաստակամության մասին։




























