Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար, ներկայումս ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը Grand chess tour finals շախմատային մրցաշարի երրորդ տեղի համար կայացած խաղում համոզիչ հաղթանակ է տարել Հնդկաստանի ներկայացուցիչ Ռամեշբաբու Պրագնանանդհայի նկատմամբ։ Հանդիպումն ավարտվել է 20:8 հաշվով՝ Արոնյանի օգտին, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Այս հաղթանակն Արոնյանին հնարավորություն է տվել ոչ միայն նվաճել բրոնզե մեդալ, այլև ուղեգիր ապահովել մրցաշարի հաջորդ խաղարկությանը, որը կկայանա 2026 թվականին։
Grand Chess Tour-ի հաղթող է դարձել ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, երկրորդ տեղում է ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշիե-Լագրավը։
Արոնյանը հուլիսին հաղթել էր Լաս Վեգասում անցկացված Freestyle Chess Grand Slam մրցաշարում։ Օգոստոսի 16-ին նա դարձել էր նաև Սենթ Լուիսում կայացած արագ և կայծակնային (բլից) շախմատի մրցաշարի հաղթող։ Նույն ամսին Արոնյանը ոչ ոքի էր ավարտել պարտիան Հնդկաստանի աշխարհի չեմպիոն Գուկեշ Դոմմարաջուի հետ «Սինքֆիլդի» գավաթի շրջանակներում, որը Grand Chess Tour-ի վերջին փուլն էր։






































