Կաբո Վերդեի հավաքականի դարպասապահ Վոզինյան շրջանցել է Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուային Instagram-ում բաժանորդների քանակով, հայտնել է «Վեստին»։
Այս ցուցանիշով նա ռեկորդակիր է դարձել գործող դարպասապահների շրջանում։
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/16 եզրափակչի՝ Արգենտինայի հավաքականի դեմ խաղում Վոզինյան հետ է մղել սեփական դարպասին կատարված ութ հարված: Այդուհանդերձ, նրա թիմը լրացուցիչ ժամանակում 2:3 հաշվով զիջել է մրցակցին։
Խաղից հետո դարպասապահի բաժանորդների թիվը հասել է 19,8 միլիոնի նշագծին։ Նախորդ ռեկորդակիր Կուրտուան ունի 18 միլիոն:
Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ Վոզինյայի հաշիվն ուներ ընդամենը 50 հազար բաժանորդ։
Կաբո Վերդեի դարպասապահին գերազանցում է միայն կարիերան ավարտած Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը։ Նրա ակտիվում կա 20,4 միլիոն բաժանորդ։
Կաբո Վերդեի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին անգամ է մասնակցել աշխարհի առաջնությանը։ Խմբային փուլում նրանք ոչ-ոքի են խաղացել Իսպանիայի (0:0), Ուրուգվայի (2:2) և Սաուդյան Արաբիայի (0:0) հավաքականների հետ ու դուրս եկել մրցաշարի փլեյ-օֆֆ։

































