ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է սահմանափակել հոգեհանգստի և թաղման արարողությունների մասնակիցների քանակը։ Այս մասին Armenia Today-ին տեղեկացրել են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Ըստ նախարարության՝ նմանատիպ զանգվածային միջոցառումներին մասնակցությունը, կուտակումները պատճառ են դառնում օրեր անց ավելի մեծ թվով դեպքերի արձանագրման։
«Այս համատեքստում հարկ է ևս մեկ անգամ նշել, որ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելուց հետո Պարետի որոշմամբ արգելվում է 5 և ավելի անձանց մասնակցությամբ հանրային միջոցառումների անցկացումը՝ այդ թվում, երբ խոսքը վերաբերում է հոգեհանգստի և թաղման արարողություններին։ Քաջ գիտակցելով մշակութային և ազգային առանձնահատկությունները, հարազատի, բարեկամի վիշտը կիսելու ներքին ցանկությունը՝ այդուհանդերձ հարկ է խուսափել մասնակցությունից՝ քանզի դրանով մասնակցելով մեծացնում ենք բացառապես հանրային առողջապահական ռիսկը՝ այդ թվում հենց բարեկամների և հարազատների համար»,-նշել են նախարարությունից։
Որպես օրինակ ներկայացվել է մի շարք համայնքներում գրանցված դեպքերը՝ ինչպես Դդմաշենում, Ոստանում, Մրգավետում, Նորաշենում և այլն։ «Ցավոք, միշտ չէ, որ ելքը կորոնավիրուսային հիվանդության դրական արդյունքով է ավարտվել, դրա հետևանքով արձանագրվել են նաև մահվան դեպքեր»,- նշված է հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







