Կառավարությունը 30 օրով կրկին երկարաձգեց ՀՀ-ում հաստատված արտակարգ դրությունը: Ըստ այդմ, արտակարգ դրությունը երկարաձգվելու է մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:
Արտակարգ դրությունը երկարաձգելու մասին Կառավարության որոշման ընդունումից հետո իրավունքի ուժով կգումարվի նաև ՀՀ ԱԺ արտահերթ նիստ։
Ըստ որոշման՝ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, 2020 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 142 նոր դեպքը, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 3860-ի, վիրուսից ապաքինվել է 1572 քաղաքացի, փաստացի բուժվում է 2218-ը, գրանցվել է մահվան 49 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 36016 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 21-ն են, ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում է սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը։
Որոշման նախագծում կատարվել են մի շարք լրացումներ, որոնցից ուշագրավ է ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումների վերաբերյալ հատվածը։ Ըստ որոշման նախագծի՝ այս սահմանափակումները կարող են կիրառվել նաև որպես պայմանով սահմանափակումներ՝ պարետի կողմից սահմանված կարգով և պայմաններով, սակայն այդ դեպքերում ևս դրանց խախտումը կհամարվի որպես ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումների խախտում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







