ՆԳՆ ոստիկանությունը հայտարարել է, որ հայ վարորդների հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է և կոչ է արել զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են տնտեսական վնասներ և անհարմարություններ ստեղծել քաղաքացիների համար։
«Բեռնատարների վարորդները շարունակում են բողոքի ակցիաները, ինչի ընթացքում մասնակիցների կողմից հնչում են որոշակի գործողությունների վերաբերյալ կոչեր, որոնք ոչ միայն չեն նպաստում հարցի լուծմանը, այլ կարող են տնտեսական վնասներ ու անհարմարություններ պատճառել նաև մեր այլ քաղաքացիներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՆԳՆ-ն հիշեցրել է, որ ՀՀ կառավարությունը բանակցություններ է սկսել ՌԴ գործընկերների հետ, հարցը քննարկվել է նաև Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում։
Ըստ ՆԳՆ-ի՝ քննարկման ընթացքում ռուսական կողմը տեղեկացրել է, որ հասկանում է խնդրի հրատապությունը և աշխատում է հարցի լուծման ուղղությամբ։ Նշվել է նաև, որ ՌԴ պատկան մարմիններում ներկայումս շրջանառվում է գործող օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին իրավական ակտի նախագիծ։
Հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ են մտել նոր կանոններ, որոնց համաձայն՝ առանց վիզայի երկրների այն քաղաքացիները, ովքեր երկիր են մուտք գործում ոչ աշխատանքի համար, կարող են երկրում գտնվել տարեկան ոչ ավելի, քան 90 օր: Նախկինում առավելագույն ժամկետը 180 օր էր: Այս սահմանափակումները տարածվում են նաև բեռնատարների վարորդների վրա՝ առանց բացառությունների: ՌԴ-ում գտնվելու ժամկետների խախտումը ենթադրում է 3-10 տարվա ՌԴ մուտքի արգելք:
Հայաստանում բեռնատարների վարորդները բազմիցս բողոքի ակցիաներ են իրականացրել, այդ թվում՝ Վրաստանի հետ սահմանի մոտ ճանապարհներ փակելով՝ պահանջելով մեղմել միգրացիոն սահմանափակումները, որոնք խանգարում են իրենց աշխատանքին:





































