Ռուսաստանի պատկան մարմիններում ներկայումս շրջանառվում է միգրացիոն կանոնները սահմանող օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին իրավական ակտի նախագիծ: Այս մասին հարցը, ըստ ՀՀ կառավարության հաղորդագրության, քննարկվել է այսօր Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։
Հենց այս օրենքում փոփոխությունների դեմ էին մի քանի անգամ ակցիա իրականացրել հայ բեռնատարների վարորդները:
Նիստին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նշվում է, որ քննարկվել է նաև Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի վարորդների՝ Ռուսաստանում գտնվելու տևողության սահմանափակման հարցը։
Քննարկման ընթացքում ռուսական կողմը տեղեկացրել է, որ հասկանում է խնդրի հրատապությունը և աշխատում է հարցի լուծման ուղղությամբ։
Հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ են մտել նոր կանոններ, որոնց համաձայն՝ առանց վիզայի երկրների այն քաղաքացիները, ովքեր երկիր են մուտք գործում ոչ աշխատանքի համար, կարող են երկրում գտնվել տարեկան ոչ ավելի, քան 90 օր: Նախկինում առավելագույն ժամկետը 180 օր էր: Այս սահմանափակումները տարածվում են նաև բեռնատարների վարորդների վրա՝ առանց բացառությունների: ՌԴ-ում գտնվելու ժամկետների խախտումը ենթադրում է 3-10 տարվա ՌԴ մուտքի արգելք:
Հայաստանում բեռնատարների վարորդները բազմիցս բողոքի ակցիաներ են իրականացրել, այդ թվում՝ Վրաստանի հետ սահմանի մոտ ճանապարհներ փակելով՝ պահանջելով մեղմել միգրացիոն սահմանափակումները, որոնք խանգարում են իրենց աշխատանքին: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 24-ին թեման կքննարկվի ԵԱՏՄ խորհրդի նիստում:

























