2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կվերանայվեն կենսաթոշակների չափը, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
Նա պատասխանել է մինչև 2026 թվականը նվազագույն կենսաթոշակը մինչև սպառողական զամբյուղի մակարդակ բարձրացնելու խոստումը չկատարելու վերաբերյալ քննադատություններին: Այժմ միջին կենսաթոշակը 49 000 դրամ է, իսկ սպառողական զամբյուղը ՝ 81 681 դրամ։
Կենսաթոշակները և նպաստները կբարձրանան կենսաթոշակառուների և սոցվճարողների անկանխիկ գնումների հետվճարի հաշվին։ Այժմ հետվճարը կազմում է 12%, 2026 թվականից այն կբարձրացվի մինչև 20%, կենսաթոշակները կավելանան միջինը 3000-3500 դրամի սահմաններում՝ ըստ նախարարի:
Թորոսյանն ասել է, որ միջին հետվճարն ընթացիկ 12%-ի պայմաննեերում 4000 դրամի սահմանում է. «Մեր քաղաքացիները, ովքեր ստանում են նպաստներ և կենսաթոշակներ, կարող են կրկին ինքնուրույն կատարելով անկանխիկ առևտուր՝ բարձրացնել իրենց կենսաթոշակները և նպատները»,- շեշտել է նախարարը՝ կոչ անելով անկանխիկ առևտուր իրականացնել:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, ում հարցին արձագանքում էր Թորոսյանը, հայտարարել է, որ այս պատասխանը դասական պոպուլիզմ էր և չէր բխում իր հարցադրումից: Ավետիսյանը շեշտել է, որ միջին կենսաթոշակը պետք է լինի առնվազն 82 000 դրամ՝ առկա 49 000 դրամի փոխարեն, առավել ևս, որ ապրանքների արժեքը բարձրանում է:
Կառավարությունը կենսաթոշակառուների՝ անկանխիկ առևտրի «քեշբեքի» չափը 2024-ի ամռանը 5000-ից դարձրել էր 6000 դրամ:





































