ՀՀ կրթության, գիտության, մշակույթ, սպորտի նախարարությանը կից գիտամեթոդական խորհուրդը վերահաստատել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի վերանորոգման նախագիծը, տեղեկանում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։
Որոշման համաձայն՝ նորոգման ընթացքի մեջ գտնվող երեք մույթերի վերականգնումը կշարունակվի, ինչը հանրության շրջանում քննադատությունների առիթ էր դարձել։
Մոտ երեք ժամ տևած խորհրդակցության արդյունքում որոշում է կայացվել նախագծային որոշ մանրամասներ լրամշակել (հանգույցներ և այլն) 6 երեք մույթերի վերականգնումից հետո քննարկել մյուս մույթերի վերականգնման հարցերը, ձեռնարկել համապատասխան քայլեր շինհրապարակի պատշաճ կազմակերպման ուղղությամբ:
Նշվում է, որ գիտամեթոդական խորհրդի անդամներից բացի՝ նիստին մանսակցել են «Ճարտարապետների պալատի» անդամներ, այդ թվում՝ հուշահամալիրի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից օգոստոսի 26-ին հայտնել էին, որ մեկնարկել է թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը։ Սեպտեմբերի 1-ին հուշահամալիրում շինաշխատանքները դադարեցնելու պահանջով բողոքի ակցիա էր տեղի ունեցել։ Պետական կառույցներից քաղաքացիներին խոստացել էին մինչև սեպտեմբերի 8-ը պատասխանել իրենց հետաքրքրող 15 կետից բաղկացած հարցադրումներին, և ժամանակավորապես դադարեցրել էին շինաշխատանքները։





































