Այսօր՝ օգոստոսի 12-ին, մեկնարկել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Նշվում է, որ բացման արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, բարձրաստիճան զինվորականներ և հյուրեր:
Միջոցառման ընթացքում հնչել են ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։
Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին ողջունել են ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ու ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը։
Նշվում է, որ բացման արարողությունը եզրափակվել է հանդիսավոր երթով:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, որին ներգրավված են լինելու ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:




































