1․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Գեորգի Կուտոյանի առեղծվածային մահը շարունակում է մնալ հասարակության, նրա ընկերների համար մեծ հանելուկ։ Թերթի աղբյուրի համաձայն՝ Կուտոյանն էր միջնորդել, որպեսզի Արթուր Դավթյանը դառնա գլխավոր դատախազ, չի բացառվում, որ հենց Արթուր Դավթյանը նրան շատ բան պատմած լինի նորօրյա Հայաստանի մասին։ Ըստ թերթի՝ որքան էլ տարօրինակ է` ՊՊԾ գնդի հարցում Կուտոյանի հետ տարաձայնությունների պատճառով ժամանակին հրաժարական տվեց նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը․ նրանց մոտեցումները «Սասնա ծռերի» նկատմամբ ծայրահեղ տարբեր էին, իսկ հիմա, նախկինների հետ հրաժարական չտված Արթուր Դավթյանը՝ գլուխը կախ, ում վրա իշխանությունը մատը դնում է, գորգի վրա է հրավիրում։
2․«Հրապարակ» թերթը գրում է, որ երեկ «Էրեբունի պլազա» ներխուժած անձը, որը հրազենով կրակոցներ էր արձակել, պատանդ վերցրել 10 անձի, ապա անսպասելիորեն հանձնել զենքը և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի ավտոմեքենայով հեռացել դեպքի վայրից, պարզվել է՝ 1987 թվականին ծնված Արթուր Թորոսյանն է՝ Արարատի մարզի Այնթապ գյուղից։
Նա Ռոբերտ Քոչարյանի համակիրներից է և դեռ 2019-ի օգոստոսին գրառում է կատարել՝ հույս հայտնելով, որ Ռ․ Քոչարյանը կհայտնվի ազատության մեջ։
3․«Հրապարակ» թերթը գրում է,որ անօրինական որդեգրման գործերով քննությունը մտել է փակուղի՝ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվում։ Ընդ որում, այս գործը հարուցելու մոտիվներից մեկը եղել է Միքայել Մինասյանի դեմ ապացույցներ ձեռք բերելը։ Գործող իշխանությունը մտածել է՝ քանի որ որդեգրողների մեծ մասն Իտալիայից է, ուրեմն հնարավոր է, որ դերակատարում է ունեցել Վատիկանում ՀՀ նախկին դեսպանը, և հանձնարարություն է տրվել ամեն գնով ձեռք բերել ապացույցներ նրա մեղսակցության մասին, սակայն ԱԱԾ-ն փաստեր գտնել չի կարողանում։
4․«Հրապարակ» թերթը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հնարավորինս շուտ փոխել Ընտրական օրենսգիրքը՝ հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից և ամրագրել 100 տոկոսանոց համամասնականը։ Վարչապետի այս շտապողականությունը պատճառ ունի, և այն որպես «զենք» է լինելու նրա ձեռքում սեփական թիմի դեմ։ Տևական ժամանակ է՝ խոսակցություններ կան «Իմ քայլում» թևերի, խմբակների մասին և կանխատեսումներ, որ շուտով իշխող ֆրակցիան կքանդվի։
Նա, իմանալով այս հեռանկարի մասին, թիմակիցներին սպառնացել է ցրել ԱԺ-ն և արտահերթ ընտրություններ անել։
5․«Հրապարակ» թերթը գրում է, որ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին հարցրել են` հնարավո՞ր է ինքը դառնա Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակը և հունվարի 25-ին Կապանում տեղի ունենալիք մեծ ասուլիսն ինքը վարի։ «Ոչ, նման բան չկա»: Հարցին՝ չի՞ բացառվում, որ ասուլիսը տեղի ունենա առանց խոսնակի։ «Պետք է կառավարությանը դիմել»:
6․«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունվարի 29-ի նիստում ուժը կորցրած կճանաչի 2018 թվականի մարտի 7-ի No66Ա որոշումը: Այլ կերպ ասած, ուժը կորցրած կճանաչի «Լիդիան Արմենիա» ընկերությանը դեռևս 2018 թվականի մարտի 7-ին տրված ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունը:
«ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այժմ հանձնաժողովը ոչ միայն ուժը կորցրած է ճանաչում այդ որոշումը, այլև ընկերությանը պարտավորեցնում է պետական բյուջե վճարել օգտագործած ռադիոկապի վճարը: Թե որքան է կազմում այդ գումարը, հայտնի չէ, քանի որ հանժնաժողովի պաշտոնական կայքէջում այդ մասին ինֆորմացիան փակ էր»:
7․«Փաստ» թերթի տեղեկություներով, իրականում իշխանությունները կամուկացի մեջ են, թե ի վերջո կառավարման որ մոդելը կարդարացնի իրենց սպասելիքներն ու իշխանության հեշտ պահպանումը։ Քննարկումների առանցքում խորհրդարանական տարբերակից վերջնականապես հրաժարվելու գաղափարն է։ Կառավարման կիսանախագահական ձևին վերադարձի հարցը, ինչպես նախկինում նշել է թերթը իր հրապարակումներում, գործող իշխանությունների օրակարգում շարունակում է մնալ։ Թերթի՝ իշխանական թևը ներկայացնող զրուցակցի խոսքով, Փաշինյանի կողմից սահմանադրական փոփոխությունների առաջնային նպատակներից մեկն այն է, որ լուծվի ՍԴ «թնջուկը». ի դեպ, քննարկվող տարբերակներից մեկն էլ այն է, որ կարելի է որդեգրել ամերիկյան մոդելը, որտեղ ընդհանրապես ՍԴ չկա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







