Վերջին մի քանի օրվա ընթացքում Հայաստանում երկաթուղային տրանսպորտի բախման միանգամից երկու դեպք է գրանցվել սխալ տեղերով գծերը հատող քաղաքացիների պատճառով։ Ցավոք, երկու դեպքերն էլ ողբերգական ավարտ են ունեցել։ Այս մասին հայտնում է Հարավկովկասյան երկաթուղու մամուլի ծառայությունը։
Առաջին դեպքը գրանցվել է հոկտեմբերի 30-ին Գյումրիում, մահացածը 76-ամյա Անահիտ Գասպարյանն էր։ Երկրորդ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին Արմավիրում, սպանվել է 51-ամյա Կամո Մեհրաբյանը։
«Երկու դեպքում էլ գնացքների մեքենավարները վթարային արգելակում են կիրառել, սակայն իներցիան թույլ չի տվել կանգնեցնել բազմատոննանոց մեքենաները։ Սրանք ստանդարտ իրավիճակներ են, քանի որ գնացքների արգելակման հեռավորությունը կարող է լինել մինչև 1 կիլոմետր՝ կախված դրանց քաշից և արագությունից։ Երկու դեպքերին էլ միավորում է այն, որ քաղաքացիները երկաթուղային երթեւեկության վտանգի բարձրացման գոտում գտնվելու տարրական կանոնների խախտմամբ անցել են գծերը։
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում նմանատիպ միջադեպերի կանխարգելմանն ուղղված միջոցառումները պարբերաբար իրականացվում են։ Դրանց թվում է «Անվտանգության օր» պարբերական ակցիաների կազմակերպումը, երբ ընկերության աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ տրանսպորտային միջոցների վարորդներին հուշագրեր են բաժանում երթուղիների հատման կանոնների մասին տեղեկություններով։
Ընկերության աշխատակիցներն այցելում են երկաթուղային գծերի մոտ գտնվող ուսումնական հաստատություններ և երեխաներին բացատրում գծերի և կայարանների ենթակառուցվածքների մոտ անվտանգ մնալու կանոնները։
Միաժամանակ ՀԿԵ-ն համագործակցում է իրավապահ մարմինների ներկայացուցիչների և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների հետ։