«Երևանում գործող վերելակների գրեթե 70 տոկոսը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ յուրաքանչյուր վերելակ շահագործումից պետք է դուրս գար 25 տարի անց: Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ քաղաքապետարանն այս տարի նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն կտեղադրի 300 նոր վերելակ։ Միջոցները կհատկացվեն համայնքային բյուջեից», — նշվում է քաղաքապետարանի տարածած մամուլի հաղորդագրության մեջ՝ նշելով, որ 2019թ. մեկնարկած փորձնական ծրագիրը դարձավ հիմնական՝ իր աննախադեպ ծավալներով:
«Ամբողջ հետխորհրդային շրջանում մոտ 35 վերելակ է ընդամենը փոխվել Երևանում, իսկ միայն Մարությանի քաղաքապետ դառնալուց հետո արդեն իսկ փոխվել է 520 վերելակ, և այդ գործընթացը շարունակական է»,— նշել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը:
«Երևանի վերելակներից ¼-ից մի փոքր ավելին գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ծավալը հասկանում եք՝ ինչքան մեծ է, բայց այս տեմպով շարունակելու դեպքում, կարծում եմ, առաջիկա տարիներին Երևանն ամբողջությամբ այլ անվտանգ միջավայր կունենա»,— նշել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը:
«Ընդհանուր առմամբ, Նոր Նորք վարչական շրջանում կա 596 վերելակ, որից արդեն 111-ը փոխված է: Ես հասկանում եմ, որ մյուս շենքերում որտեղ դեռևս չեն փոխվում, մարդիկ բոլորն էլ ցանկություն ունեն, որ փոխվի: Ուզում եմ բնակչությանը տեղեկացնել, որ իրենց հերթն էլ կհասնի»,— նկատելէ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանը:
Այսօր մայրաքաղաքում փոխարինման ենթակա շուրջ 3000 վերելակ կա: Հաշվի առնելով ծրագրի ծավալները՝ նախ ընտրվում են ամենամաշվածները:
«Վերելակներն առհասարակ իրենց պիտանելիության ժամկետը սպառել են ամբողջ քաղաքով մեկ, բնական է, հնարավոր չէ միանգամից և բոլորը փոխել, և ինչպես էլ կատարվի ընտրությունը, ինչքան էլ փորձենք օբյեկտիվ պայմաններ հաշվի առնել, այո, լինելու են նաև բնակիչներ, որ թվալու է իրենց վերելակն ավելի կարևոր էր, բայց հավատացնում եմ ձեզ, փորձում ենք նախևառաջ հաշվի առնել մասնագետների տված եզրակացությունը»,— ընդգծել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը:
Նշենք, որ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով վերելակը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է բնակարանների սեփականատերերին՝ այսինքն բնակիչներին: Խնդրի սոցիալական նշանակությունն ու քաղաքացիների անվտանգության հարցը ստիպեց համայնքային իշխանությանը՝ նախաձեռնելու ծրագրի իրագործումը:
«Այս տարի նոր վերելակներ կտեղադրվեն նաև պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած քաղաքացիների շենքերում: Մուտքերը ևս կհարմարեցվեն սայլակով տեղաշարժին: Վերելակների փոխարինման ծրագրի տեխնիկական բնութագրում, ի դեպ, որպես պարտադիր պահանջ, մի շարք չափորոշիչներ են սահմանված: Տեղադրվող բոլորովին նոր վերելակները հարմարեցվում են տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը»,-նշվում է քաղաքապետարանի մամուլի հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







