Արմենակ Ուրֆանյանն իր հերոսական արարքով ինձ համար դարձավ հայրենապաշտության չափանիշ և որոշեցի նրա մասին գիրք գրել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց Արմենակ Ուրֆանյանի մասին պատմող «Բանակի տղան» գրքի հեղինակ Վովա Արզումանյանը։
Գրքի հեղինակը նշեց, որ գլխավորապես նպատակ չի ունեցել Հերոսի մասին գիրք գրել, այլ նպատակ է ունեցել նրա մասին գրել պատմվածնքեր՝ համեմված արցախյան կոլորիտով, որտեղ կպատմի հերոսի ու հերոսական Արցախի մասին։
«Գրքի անվանում ընտրեցի «Բանակի տղան», քանի որ Հերոսը մի անգամ մոր հետ խոսել-ասել է՝ «Մամ, ես էլ քո տղան չեմ, ես բանակի՛ տղան եմ»։ «Բանակի տղան» գիրքն ամբողջացնում է Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի կերպարը։
Հեղինակը նշեց, որ «Բանակի տղան» գիրքը լույս է տեսել Արցախի անկախության հռչակման օրվա կապակցությամբ։
Հիշեցնենք՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին օրերս հետմահու շնորհվել է Արցախի հերոս» բարձրագույն կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան. դրանք հանձնվել են Արմենակ Ուրֆանյանի մորը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ արցախցի երիտասարդ գրող, «Վարդանանք» թերթի գլխավոր խմբագիր Վովա Արզումանյանի հեղինակությամբ լույս է տեսել «Բանակի տղան» գիրքը. այն նվիրված է Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի վառ հիշատակին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







