ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ), հաշվի առնելով «Վեոլիա Ջուր» ընկերության տարածած տեղեկատվությունը, բնակիչներին հորդորել է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին։
Կենտրոնից հայտնել են, որ ջրի համի, հոտի կամ գույնի փոփոխության դեպքում այն չպետք է օգտագործել խմելու կամ սնունդ պատրաստելու համար՝ մինչև փոփոխությունների վերացումը և պաշտոնական հայտարարությունը։
«Այդ ընթացքում նախընտրեք եռացված կամ շշալցված ջուր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՀՎԿԱԿ-ն նաև հորդորել է փոփոխության մասին տեղեկացնել «Վեոլիա Ջուր» ընկերությանը։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանն, իր հերթին, հրապարակել է Երևանի Սեբաստիա 3/3Ա շենքում ծորակից հոսող ջրի լուսանկարը՝ ուշադրություն հրավիրելով ջրի որակի վրա։
Պիպոյանը քննադատել է «Վեոլիա Ջուր» ընկերության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Առողջապահության նախարարության աշխատանքը։
«Բնակչության մեծ մասին հետաքրքրում է, որ, ի վերջո, այս խայտառակ վիճակին վերջ տրվի»,- գրել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



