Սեպտեմբերից սկսած՝ Հայաստանի հանրակրթական դպրոցներում ավագ դպրոցի աշակերտների համար կմեկնարկեն ճանապարհային անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստման ակումբներ՝ ըստ ցանկության, հայտարարել է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Դասընթացներին աշակերտները կուսումնասիրեն երթևեկության կանոնները, ճանապարհային նշանները և գծանշումները, լուսացույցի և երթևեկության կարգավորման ազդանշանները, ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև հետիոտնի և ուղևորի վարքագիծը։ Ծրագիրը ներառում է նաև վարորդական հմտությունների գործնական զարգացում։
12-րդ դասարանի աշակերտների համար ակումբին մասնակցելը կծառայի որպես վարորդական իրավունքի քննությանը նախապատրաստություն։ Դասընթացն ավարտելուց հետո աշակերտները կկարողանան հանձնել քննություն և ստանալ վարորդական իրավունք։
Նախարարությունը նշել է, որ ծրագիրը նպատակ ունի խթանել ճանապարհներին ավելի պատասխանատու վարքագիծը և զարգացնել շրջանավարտների գործնական հմտությունները։
Նախարարությունը ծրագիրը մեկնարկում է Ներքին գործերի նախարարության հետ համատեղ։ Դրա նպատակն է բարձրացնել դպրոցականների իրազեկությունը երթևեկության կանոնների և անվտանգության վերաբերյալ։




































