Լոս Անջելեսի North Hollywood Park-ում կարող է կառուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, հայտնում է Zartonk Media-ն։
Ծրագիրը նախատեսում է զբոսայգու քիչ օգտագործվող տարածքի վերափոխումը հայկական հուշայգու, որը կունենա զբոսանքի երթուղիներ, լանդշաֆտային ձևավորում և կենտրոնական գոտի՝ հանրային հավաքների համար։ Տարածքը նախագծված է որպես հիշողության և խոհերի վայր՝ կապված հայկական հավերժության խորհրդանիշների հետ։
Նախաձեռնությունն իրականացվում է Burger 3000-ի մասնակցությամբ և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Ադրին Նազարյանի աջակցությամբ։
Հուշահամալիրը նվիրված կլինի 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին։ Սփյուռքում նման նախագծերը դիտարկվում են որպես պատմական հիշողության և ինքնության պահպանման կարևոր տարրեր։
Լոս Անջելեսը Հայաստանից դուրս հայկական սփյուռքի խոշորագույն կենտրոններից մեկն է։ Քաղաքում և շրջակայքում արդեն իսկ գործում են մի շարք հուշարձաններ և խորհրդանշական վայրեր՝ կապված Հայոց ցեղասպանության հիշատակի հետ։
Ապրիլի 24-ին լրացել է Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչման միջոցառումներով է հիշել 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 34 պետություն, ավելի քան 70 կազմակերպություն։ 111 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտել Մեծ եղեռնի իրողությունը և պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ նենգափոխելով պատմությունը։
Ստամբուլի իշխանությունները ինչպես հաճախ, այս տարի ևս մերժել էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման անցկացման թույլտվությունը:






































