Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 9-ի գործակարգավարական նիստի ժամանակ անդրադարձել է մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքներին, ձմեռային սեզոնի ավարտից հետո սպասվող ճանապարհների փոսալցմանն ու ենթակառուցվածքային այլ խնդիրներին:
Երևանը վերականգնել է կորցրած կանաչ տարածքները
Քաղաքապետը հայտարարել է, որ Երևանը «վերականգնել է կորցրած կանաչ տարածքները»։
Ըստ Ավինյանի՝ վերջին 3,5 տարում տնկված 60 հեկտար նոր տարածքներն իրենց ծավալով գերազանցում են նախորդ երկու տասնամյակների ցուցանիշները։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը հավելել է, որ ներկայում մայրաքաղաքի կանաչ տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 910 հեկտար։ Նա այս ցուցանիշը համեմատել է խորհրդային տարիների ամենաբարձր արդյունքների հետ։
Ճանապարհների բարեկարգումը
Անդրադառնալով ճանապարհների վիճակին և ձմեռային սեզոնի հետևանքներին՝ քաղաքապետը նշել է, որ միայն մաքրման աշխատանքները բավարար չեն։
Ավինյանի խոսքով՝ անհրաժեշտ են նաև լայնածավալ փոսալցման աշխատանքներ, որոնք պետք է ավարտին հասցվեն 15 օրվա ընթացքում։
«Մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու փոսերը լցնելու համար»,- ասել է նա՝ հորդորելով ավելի ինտենսիվ աշխատել և հնարավորինս արագացնել գործընթացը։
Ճանապարհների վերանորոգմանը զուգահեռ՝ քաղաքապետարանն անդրադարձել է մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգմանը, մասնավորապես՝ ավտոտնակների խնդրին։
Ավինյանը նշել է, որ Երևանի ոչ բոլոր ավտոտնակներն են ենթակա քանդման, և առաջարկել սեփականատերերին դիտարկել հողային վարձակալության տարբերակը։
«Եթե դուք դիմում եք անօրինական շինությունն օրինականացնելու համար, մենք ստիպված ենք լինում մերժել, քանի որ դրանք, մեծամասամբ, գտնվում են ընդհանուր օգտագործման հողերի վրա, և ստիպված ենք լինում նաև հետագայում քանդել այդ ավտոտնակները։ Ուղղակիորեն այլընտրանք չենք ունենում»,- բացատրել է քաղաքապետը:
Երևանն ստեղծել է կամրջային օբյեկտների անձնագիր
Մայրաքաղաքի վարչական տարածքում գտնվող կամրջային կառույցների համար առաջին անգամ ներդրվել է թվային անձնագրավորման համակարգ: Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նիստի ժամանակ հայտարարել է, որ քաղաքային իշխանություններն այժմ տիրապետում են կամրջային ամբողջ տնտեսության վերաբերյալ վիճակագրական և տեխնիկական ամբողջական տվյալներին:
Ավինյանը նախագիծը որակել է որպես առաջին համալիր փորձը Հայաստանում, որն ուղղված է ենթակառուցվածքային խնդիրների համակարգային լուծմանը: Քաղաքապետի պարզաբանմամբ՝ տվյալների թվայնացումը թույլ կտա իրականացնել օբյեկտների թիրախային գույքագրում և հետագա վերանորոգման ու սպասարկման աշխատանքների պլանավորման օպտիմալացում:




































