Ադրբեջանը դեռևս 2025 թվականի հուլիսին ոչնչացրել է Արցախի Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի Հայրենական պատերազմի և Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանները, Արցախյան առաջին պատերազմի տարիներին գյուղի պաշտպանների շիրիմները, որոնք գտնվում էին հուշարձանի տարածքում, հայտնում է Monument watch-ը։
Ադրբեջանը նաև ոչնչացված հուշարձանի տեղում կանգնեցրել է գյուղի հնարած ադրբեջանական անվան (Xanyurdu kəndi) ցուցանակը։
Հայկական մշակութային ժառանգության մոնիթորինգով զբաղվող նախաձեռնությունը նշել է, որ ոչ միայն ոչնչացվել է հուշարձանը, այլև կատարվել են զգալի հողային աշխատանքներ, ինչն ակնհայտ երևում է, երբ համեմատվում են հուշարձանի 2023 թվականի արբանյակային լուսանկարները:
Ադրբեջանը 2025 թվականին վերաբնակեցրել է Խնածախ գյուղը և տարածել ադրբեջանցիների «վերադարձը» փաստող լուսանկարներ:
Նախաձեռնությունը շեշտել է, որ Հայրենական Մեծ պատերազմին և Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանների ոչնչացումը «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999թ. ընդունված երկրորդ արձանագրության խախտում է։
Այն խախտում է նաև Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումները, որով դատարանը պարտավորեցրել էր Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները։
Հուշարձանի ոչնչացումը խախտում է նաև Միջազգային մարդասիրական իրավունքի 38-րդ, 39-րդ, 40-րդ և 41-րդ կանոնները։ Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ մշակութային արժեքների պաշտպանության դրույթներն ունեն միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն՝ գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են բոլոր պետությունների համար։
«Գեղարդ» հիմնադրամը հայտնել էր, որ Արցախ «վերադարձածներ»-ից շատերը վերադառնում են Բաքու։ Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերից հողին էր հավասարեցրել Արցախի չորս գյուղ ու ոչնչացրել մի քանի տասնյակ մշակութային հուշարձան, որոնց թվում են ավելի քան 10 եկեղեցի, մոտ 50 հուշահամալիր, քանդակներ ու խաչքարեր։ Նրանք ոչնչացրել էին Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղը, ինչպես նաև Հադրութի շրջանի Մոխրենես, Մարիամաձոր և Ցամաքձոր գյուղերը։






































