Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովն արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ծրագրի համար Ասիական զարգացման բանկից 250 մլն դոլար վարկ վերցնելու նախագծին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը տեղեկացրել է, որ վերջին տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվել է 1631 ընտանիք։ Նա հստակեցրել է, որ նրանք բնակարան կամ բնակելի տներ ստացածներն են։
Խաչատրյանը հավելել է, որ մոտ 2200 ընտանիք ծրագրից օգտվելու հավաստագիր է ստացել և բնակարան է փնտրում՝ այն ձեռք բերելու համար։ Նա հիշեցրել է, որ ծրագիրը թույլ է տալիս նաև ձեռք բերել հողատարածք ու այնտեղ տուն կառուցել։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ամբողջ բնակչությունը բռնի տեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։ Արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը կառավարությունը մեկնարկել էր 2024-ից։
Կարդացեք նաև՝



































