Հայաստանն Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային խնդրի լուծման համար Ասիական զարգացման բանկից 250 մլն դոլար վարկ կվերցնի, որի համաֆինանսավորման համար Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամը (GCFF) շուրջ 16,4 միլիոն դոլար դրամաշնորհ կտրամադրի: Նախագծին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նոյեմբերի 20-ի նիստում։
ԱԶԲ-ի հետ ստորագրվելիք համաձայնագիրը «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) ծրագրի շրջանակում է։
Նախագծում նշվում է, որ THRIVE-ի շրջանակներում նախատեսվում է ապահովել «շուրջ 109 000 էթնիկ հայ փախստականի համար երկարաժամկետ բնակարանային լուծում»։
Կառավարությունից հավելել են, որ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում ներկայումս հավաստագիր է ստացել 3344 ընտանիք, որից 1263-ն իրացրել է այն (հոկտեմբերի 30-ի դրությամբ հավաստագիր ստացածների թիվը 3240 էր, այն իրացրել էր 1210-ը-խմբ․)։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ամբողջ բնակչությունը բռնի տեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։ Արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը կառավարությունը մեկնարկել էր 2024-ից։
2025-ի հոկտեմբերին կառավարությունը հավանություն էր տվել Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրի նպատակով ԱԶԲ-ից 250 մլն դոլար վարկ վերցնելու նախագծին։
Կարդացեք նաև՝



































