Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ կողմերն ընդգծել են երկու բարեկամական երկրների միջև քաղաքական ակտիվ երկխոսության փաստը և վստահություն հայտնել, որ այն արդյունավետ կերպով կշարունակվի:
Նրանք անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը: Ըստ հաղորդագրության՝ Կոբախիձեն համոզմունք է հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի տարածաշրջանային համագործակցությանն ու կայունության ապահովմանը:
Նշվում է, որ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված TRIPP («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղի»-խմբ.) և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի իրականացման շուրջ:
Փաշինյանը և Կոբախիձեն քննարկել են նաև առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Այսօր ավելի վաղ Երևանում Փաշինյանը Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ քննարկել էր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման հարցերը։






































